![]() | |
---|---|
![]() | |
Տեսակ | օբյեկտ կողմնորոշված ծրագրավորման լեզու |
Սեմանտիկա | օբյեկտային կողմնորոշում |
Կատարման ձև | ինտերպրետացվող, MSIL կոմպիլյացվող, Ջավայի բայթ-կոդ կոմպիլյացվող |
Առաջացել է | փետրվարի 20, 1991[1] |
Ստեղծող | Python Software Foundation և Գվիդո վան Ռոսում[1] |
Նախագծող | Գվիդո վան Ռոսում[1] |
Ընդլայնումներ | .py, .pyw, .pyc, .pyo, .pyd |
ՕՀ | բազմապլատֆորմ[2] |
Տիպիզացիա | խիստ, դինամիկ |
Ներշնչվել է | ABC[3] |
Արտոնագիր | Python Software Foundation License[1] |
Անվանված է | Մոնթի Փայթն[4][5] |
Սխալնելի հայտման էջ | github.com/python/cpython/issues |
Կայք | python.org(անգլ.) |
![]() |
Python (անգլ.՝ python, արտասանվում է որպես [ˈpaɪθ⟨ə⟩n] (փայթըն), սակայն հաճախ օգտագործվում է նաև պիտոն (ռուսերենից եկած) տարբերակը, որը նշանակում է կենդանի)[6], ընդհանուր նշանակության բարձր մակարդակի ծրագրավորման լեզու, որը հիմնականում կենտրոնացած է ծրագիրը արագ մշակելու և կոդի հեշտ ընթերցանությունն ապահովելու վրա։ Python-ի միջուկի շարահյուսությունը շատ պարզ և հեշտ է։ Միևնույն ժամանակ, ստանդարտ գրադարանը ներառում է բազմաթիվ օգտակար ֆունկցիաներ։
Python-ն աջակցում է ծրագրավորման մի քանի նմուշներ, այդ թվում՝ կառուցվածքային, օբյեկտային կողմնորոշմամբ, ֆունկցիոնալ, իմպերատիվ և ասպեկտային կողմնորոշմամբ։ Հիմնական կառուցվածքային գծերն են՝ դինամիկ տիպավորումը, հիշողության ավտոմատ կառավարումը, լրիվ ինքնադիտողությունը, բացառությունների վերամշակման մեխանիզմը և բարձր մակարդակի տվյալների կառուցվածքը։ Պիտոնում կոդը կազմված է ֆունկցիաներից և դասերից, որոնք կարող են միավորվել մոդուլներում, որոնք էլ, իրենց հերթին, փաթեթներում։
Python-ի հիմնական ինտերպրետատորը CPython-ն է։ Այն աջակցվում է ակտիվ օգտագործվող հարթակների մեծամասնության կողմից[7]։ Այն տարածվում է Python Software Foundation License ազատ արտոնագրով, որն թույլ է տալիս օգտագործել այն ցանկացած ծրագրերում առանց սահմանափակման[8]։ Գոյություն ունեն նաև ինտերպրետատորի տարբերակներ JVM-ի (կոմպիլյացիայի հնարավորությամբ), MSIL-ի (կոմպիլյացիայի հնարավորությամբ), LLVM-ի համար։ PyPy նախագիծն առաջարկում է Պիտոնի համար հենց Պիտոնով գրված ինտերպրետատոր։
Python-ը ակտիվ զարգացող ծրագրավորման լեզու է։ Նոր տարբերակները (լեզվի հատկությունների ավելացմամբ/փոփոխմամբ) թողարկվում են մոտավորապես 2.5 տարին մեկ անգամ։ Այդ և որոշ այլ պատճառներով, Python-ում բացակայում են ANSI, ISO և այլ պաշտոնական ստանդարտներ, որոնց դերը կատարում է CPython-ը։